Իրենք էլ խոստովանում են, որ կրակել են ոստիկանները, մի մասը ասում է` բանակը, մի մասը նույնիսկ ասում է (մամուլում, համենայնդեպս, այսպիսի տեղեկություններ կային), որ մասնակցել է այդ սպանդին նաեւ Լեռնային Ղարաբաղի հատուկ ստորաբաժանումը` սպեցնազ կոչեցյալը: Ես չգիտեմ, թե որքան ստույգ է սա, բայց եթե սա հաստատվի եւ ապացուցվի, ապա Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը Հայաստանում պետք է հայտարարվի պերսոնա նոն գրատա:
Մի բան էլ ասեմ, ես երեկ չէ առաջին օրը պաշտոնական նամակ եմ ստացել մեր Ազգային ժողովից, որտեղ խնդրվում է ինձնից խորհրդակցական ձայնի իրավունքով ներկայացուցիչ նշանակել այդ հանձնաժողովում: Ես ներողություն եմ խնդրում «Ժառանգություն» խմբակցության իմ ընկերներից, որոնք հրաժարվել են մասնակցել, բայց ես որոշել եմ անպայման ներկայացուցիչ նշանակել այդ հանձնաժողովում: Եւ այդ հանձնաժողովում իմ ներկայացուցիչն է լինելու ՀՀՇ-ի Գեւորիկը: